...Ստամբուլ, Երկրորդ աշխարհամարտին տարիներն էին: Փողոցին մեջ փոխված էին խաղերն անգամ: Պատերազմ-պատերազմ կխաղային շատերը. մեկը կըլլար գերմանացի, ուրիշ մը՝ ռուս, անգլիացի, ամերիկացի, ու կռիվը անպակաս էր միշտ:
Կշարունակվեր մեկ բան, նախկինեն ավելի փայլուն ու ճոխ թափով…տողանցքները, տոնական օրերու հանդիսությունները: Դրոշներ կկախեինք պատուհաններեն, ու բազմահազար լույսեր հեքիաթային տեսք մը կուտային պողոտաներուն, փողոցներուն:
Առավոտուն տոնահանդես կըլլար Թագսիմի կենտրոնական հրապարակին վրա, ու մենք կտողանցեինք հաստատ քայլերով, կուրծքերնիս ցցած, պետական տրիբունին առջևեն, անգիտությամբ հպարտ ու երջանիկ:
Կրկնվող այդ հանդեսները, սակայն, մեզ՝ փոքրամասնությանց վարժարանի աշակերտներուս համար, վերապահած կըլլային ամենեն վերջին շարքերը, մանավանդ՝ մեր հայկական վարժարաններուն:
Չէ՞ որ Հայաստանը «քարտեզի» մեջ իսկ անցյալի անուն էր միայն: Այդպես էին դասավանդած մեզի:
Օր մը հարցուցի մեր աշխարհագրության ուսուցչին.
-Պարո´ն, «Սովիետ Էրմենիստան» գրված սա մասը որո՞ւ կպատկանի:
Մատս դրեր էի պատի քարտեզին վրա: Նայեցավ խոժոռ դիմագիծով մը ու՝
-Հին հայկական հողեր են,-պատասխանեց բարկացկոտ շեշտով մը,-այժմ բռնագրավված ռուսներուն կողմե, գրեթե անմարդաբնակ են:
Գեղամ Սևան. (1926, Կ. Պոլիս-1991, Երևան). «Ծիծեռնակները ցածեն անցան»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ